Ռուսաստանից ՊՆ պատվիրակության գալու մասին Հայաստանի ՊՆ-ն տեղեկություն չունի
Լրատվական կայքերը, հղում անելով ՏԱՍՍ-ին, տեղեկություն տարածեցին, որ ըստ ռուսական գործակալության դիվանագիտական աղբյուրի, հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ այսօր, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն կժամանի Երևան՝ Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները քննարկելու համար:
Այդ տեղեկությունները տարածվելուց քիչ անց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե՝ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ։ Մասնավորապես, Panorama.am-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ»։