Արցախի տեղեկատվական շտաբը հաստատում է` կան զոհեր և վիրավորներ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։
***
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարում է. «Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։
Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»։