Մարդու գլխի փոխպատվաստում. վիրաբույժները հայտարարել են հաջողության մասին. Լուսանկար
Չինաստանում, Հարբինի Բժշկական համալսարանի վիրաբույժների խումբը բարեհաջող անց է կացրել մարդու գլխի փոխպատվաստման վիրահատություն` դիակի վրա: Այս մասին մամլո ասուլիսում պատմել է իտալացի վիրաբույժ Սերժիո Կանավերոն: Նա ասել է, որ վիրահատությունը տևել է 18 ժամ: Մասնագետներին հաջողվել է իրար միացնել ողնաշարը, նյարդերը և արյունատար անոթները, գրում է Ria.ru -ն:
Կանավերոյի խոսքերով այս վիրահատությունը Չինաստանում է կատարվել, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոպայում այդ գաղափարը բժիշկների կողմից չի խրախուսվել:
Աղբյուրը նշում է նաև, որ 2015 թվականին Սերժիո Կանավերոն հայտարարել էր նախագծի իրագործման մասին, որի շրջանակներում նա պլանավորել էր փոխպատվաստել կամավորի գլուխը` դոնորի մարմնին` միացնելով ողնուղեղը և գլխուղեղը` հատուկ միջամտությամբ, որն անվանել էր "GEMINI արձանագրություն": Էքսպերիմենտի առաջին մասնակիցը համաձայնվել էր դառնալ ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը գամված էր հաշմանդամի աթոռին` մկանային դիստրոֆիայի պատճառով:
Սակայն, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ առաջին վիրահատությունը իրականացվելու է Չինաստանում, նշում է Ria.ru կայքը:


