Փաշինյանի հայտարարությունները կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն․ ՌԴ Պետդումայի պատգամավոր
Tert.am-ը գրում է. ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում՝ չնայած ներկա պայմաններին։
«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման քայլերը հստակորեն շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։ Այնտեղ որոշված էր նաև ռուս խաղաղապահների կարգավիճակն ու գործառույթները, որոնք պետք է ապահովեին կայուն հրադադար։ Եվ ստեղծված պայմաններում խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Նա նաև ընդգծել է, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ մեկտեղ ճանաչելու պատրաստակամության մասին, կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն։