Փաշինյան. «Հայաստանն այլեւս չի կարող հույս դնել Ռուսաստանի վրա՝ իրեն պաշտպանելու հարցում». POLITICO. Տեսանյութ
Մենք այլեւս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա, որ կպաշտպանի մեզ։ POLITICO–ի հաղորդմամբ, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարբերականին տված հարցազրույցում։ Նշենք, որ հարցազրույցի տեսագրությունը դեռ չի հրապարակվել, այն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան։
Ըստ պարբերականի՝ Փաշինյանն ասել է, որ Ուկրաինայի պատերազմից հետո Հայաստանն այլեւս չի կարող հույս ունենալ, որ Մոսկվան իր անվտանգության երաշխավորը կլինի։
«Ուկրաինայում իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի կարողությունները փոխվել են»,– Փաշինյանի խոսքը մեջբերել է պարբերականը՝ շարունակելով՝ Փաշինյանն ընդունել է, որ Մոսկվան խուսափում է Ադրբեջանի եւ նրա մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ խնդիրներից։
«Մեր ռազմավարությունը պետք է լինի՝ փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից»,- ասել է Փաշինյանը։ «Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց պետք է ունենանք այնպիսի միջոցներ, որ չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոկսի»։ Սա անթույլատրելի է»։
«Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և մենք պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,– ասել է Փաշինյանը:
Աղբյուրը՝ News.am