Տարօրինակ ոչինչ չեք տեսնո՞ւմ. Տնտեսական կառույցը անում է ռազմական գործողություն
Միջին վիճակագրական հային գրեթե անծանոթ մի աֆրիկյան երկրում՝ Նիգերում (չխառնել Նիգերիայի հետ) հուլիսի վերջին ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ։
Այժմ Նիգերին հարևան պետությունները, դրսի մի քանի խաղացողների հետ միասին, մտադրություն ունեն ռազմական գործողություն սկսել՝ Նիգերում «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»։
Այդ մտադրության մասին հայտարարել է այդ պետությունների միավորումը՝ ECOWAS-ը։ Բառացի այն թարգմանվում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք։
Տարօրինակ ոչինչ չեք տեսնո՞ւմ։
Տնտեսական կառույցը անում է ռազմական գործողություն։
Մեր օրերի պոստմոդեռն քաղաքականության միակ դրսևորումը չէ սա։
Օրինակ Ուկրաինային ռազմական օժանդակություն տրամադրող եվրոպական գլխավոր կառույցներից մեկը պաշտոնապես կոչվում է «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»։
Գանք մեր տարածաշրջանին։
Երբ Թուրքիան նվաճում էր Սիրիայի հյուսիսային տարածքները, այդ ռազմական գործողությունները կոչվում էին «Խաղաղության աղբյուր» և «Ձիթենու ճյուղ» (ևս մեկ խաղաղության խորհրդանիշ)։
Դե իսկ «ժողովրդավար Հայաստանի» մասին հաստատ լսել եք։
Ուրիշ խոսքով, Օրուելն իր «1984» միշտ ակտուալ է։ Հատկապես միշտ՝ հիմա։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից