ԱԱԾ տնօրենի հրամանով՝ երկու հանձնաժողով կստեղծվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ առաջիկայում ձևավորվելու են երկու ատեստավորման հանձնաժողովներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանձնաժողովներից մեկն ապահովելու է պետից ցածր սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, մյուսը՝ ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների
Իսկ, ահա, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից այսուհետ իրականացվելու է միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման բաժանում է կատարվել՝ հաշվի առնելով նաև ատեստավորվող ծառայողների մեծ թիվը, ատեստավորման գործընթացի ողջ ծավալը և դրա անընդհատության ապահովման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ հավելենք, որ ԱԱԾ տնօրենի նախագահությամբ ատեստավորման գործընթացը իրականացվում է 3 փուլով՝ ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում