Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան
«Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Իսկ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի սահմանած ժամկետում հայկական կողմը ներկայացրել է իր առարկություններն ու դիրքորոշումները»,-Aysor.am-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Սակայն, հետագայում ՊՆ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին հուլիսի 29-ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նա Հայաստան էր գալիս Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ՝ վիրահատության նպատակով: