«Լավ մնացեք, տարբերակ չունեմ հետ գալու». ծնողները կարդացին անհետ կորածի նամակը
Մեր քիմիկներից մեկը թաքնված տեղից նամակ է գրել իր մորն ու հորը: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: Ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք կարդացին նամակը, որը անհետ կորած զինվորներից մեկը գրել է մորը;
«Ցավը էնա, որ արհամարանքի ենք արժանանում, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կամ կմնամ սենց, կամ կխփեն»,-գրված է նամակում:
Ծնողներն ասում են, որ ճանապարհը չեն բացելու, պատրաստվում են վրաններ բացել:
«Մենք այս նամակը ցույց ենք տալիս, ասում ենք մեր տղաները ստեղ են, գնացեք գտեք, մեզ ասում են գնանք մենք մեռնե՞նք»,- ասել են ծնողները:
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։
Աղբյուր՝ NEWS.am