ՀՀ-ից Արցախ ուղարկվող բեռնատարների թիվը 19 է. հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն. Վարդան Սարգսյան
Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով 400 տոննա բեռով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։
«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջնա։
Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք, դեղորայք չկա։
«Մեր հիմնական նպատակն այս պահին մեր հիմնական բեռը տեղը հասցնելն է»,-ասաց Վարդան Սարգսյանը:
Աղբյուր՝ NEWS.am