ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկում է արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններն են:
Կայքի հետ զրույցում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը հայտնել է, որ այն համատեղ նախաձեռնություն է.
«Փոփոխությունները կքննարկվեն Կանոնակարգային հանձնաժողովում: Հանձնաժողովի լսումներից հետո դրանք կխմբավորվեն՝ ընդգրկվելով տարբեր փաթեթներում՝ վերջնական քվեարկության համար:
«Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»: