«Հ1»-ը հանկարծ որոշել է «Արցախը» «Լեռնային Ղարաբաղով» փոխարինել. հրահանգ է իջեցվել չնյարդայնացնել «կարդաշ» Իլհամին
Մինչ Ադրբեջանը թրքացնում է հայաստանյան մարզերի ու բնակավայրերի տեղանունները՝ բաց տեքստով հայտարարելով իր հավակնությունների մասին, Հայաստանում մի շատ կործանարար տենդենց է ի հայտ եկել. «Արցախ» անվանումը դարձել է ոմանց աչքի փուշը:
Մասնավորապես՝ «Հ1»-ով ամեն օր հեռարձակվող եղանակի տեսությունից անհետացել է «Արցախ» բառը. հազարմյակների այդ հայոց հողն այլևս Սուրենյանն անվանում է Լեռնային Ղարաբաղ:
Սուրենյանը, իհարկե, ոչ մի մեղք չունի. նա «Հ1»-ի քաղաքականությունն է առաջ տանում, այլ հարց, թե ինչո՞ւ է «Հ1»-ը հանկարծ որոշել «Արցախը» «Լեռնային Ղարաբաղով» փոխարինել:
Խոշոր հաշվով որոշողը «Հ1»-ը չէ. այդ հեռուստաալիքը Նիկոլը վերածել է իր հոր դուքյանի, ինչը լրջագույն հիմքեր է տալիս՝ պնդելու, որ «Արցախից» հրաժարումը պայմանավորված է վերևից իջեցված թելադրանքով. Իլհամն է ստիպել Նիկոլին Արցախը փոխարինել Լեռնային Ղարաբաղով՝ սպառնալով երևի հակառակ դեպքում պատերազմ սկսել, իսկ քանի որ «խաղաղության օրակարգը» Նիկոլի կյանքի նպատակն է, ուստի «Հ1»-ին հրահանգ է իջեցվել չնյարդայնացնել «կարդաշ» Իլհամին:
Մնում է «Լեռնային Ղարաբաղն» էլ «Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները» սարքեն ու պատկերն առավել ամբողջական կլինի…
Աղբյուր՝ Armenian News Info