Վահե Ղազարյանն ու նրա կինը 2022-ին նոր բնակարաններ են ձեռք բերել. նախարարի տարեկան եկամուտը 21 մլն դրամ է
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Դա ամրագրված է ՆԳՆ ղեկավարի և նրա կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Ներկայացված 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում, դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։ Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։