Հայ գործարարները միլիոնավոր դոլարներ են կորցրել
Մի քանի շաբաթ է շարունակվում է Իրաքի քրդական ինքնավարության օդային շրջափակումը: Հայաստանը ևս դադարեցրել է բեռնափոխադրող և ուղևորափոխադրող չվերթները դեպի քրդական ինքնավարություն:
Այս շրջափակման արդյունքում հայ գործարարները միայն հոկտեմբեր ամսվա կտրվածքով միլիոնավոր դոլարների վնաս են կրել: Ամեն ամիս հայ գործարարները 4 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն էին արտահանում Քրդստան, մեծ քանակությամբ հայկական արտադրության ծխախոտ, շինանյութ և ալկոհոլ: Այս պահին Հայաստանից արտահանումը դեպի Իրաքի քրդական ինքնավարություն գրեթե դադարեցվել ու Հայաստանի տնտեսությունը մեծ վնասներ է կրում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից երեք օր անց Իրաքի կենտրոնական կառավարությունը պահանջեց միջազգային ավիափոխադրողներին դադարեցնել թռիչքները դեպի Քրդստանի Էրբիլ և Սուլեմանի քաղաքներ: Հայաստանը ևս արձագանքել է Իրաքի կառավարության պահանջին և դադարեցրել չվերթները դեպի Էրբիլ և Սուլեմանի: