Ի՞նչ հանձնարարական է տվել Կարեն Կարապետյանը Արփինե Հովհաննիսյանին
Կարեն Կարապետյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես՝ կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե՛ նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե՛ քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հանձնարարվել է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մեկամսյա ժամկետում: