Տեղի ավագանու անդամը պնդում է՝ իրեն նախկին մարզպետն է ծեծի ենթարկել
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը այսօր՝ ապրիլի 18-ին, գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել։ NEWS.am-ի հետ զրույցում Զեյնալյանը պատմեց, որ այդ ծեծկռտուքի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է:
«Մելքիսեթ Պողոսյանը, այսօր աշխարհազորայինների ժողով է արել, որին ինքը ներկա չի էլ եղել: Բնակիչներն ասել են, որ զենք վերցնեն՝ գնան աշխարհազորայիններին փոխարինելու։ Եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրության հրաման չի տվել, ինքն ի՞նչ իրավունք ունի ներքին կարգով ժողով անելու։ Ես ասել եմ՝ չեմ գնալու, որովհետեւ ինքն է աշխարհազորի հրամանատարը, ես էլ չեմ կարող կանգնել պարտված հրամանատարի կողքին։ Ես մեղադրում եմ Մելիքսեթ Պողոսյանին, որովհետեւ իր հրահանգով են ծեծի ենթարկել ինձ։ Ինքը գիտեր, որ նման խառնաշփոթ է լինելու, դրա համար չէր եկել։ Ներկա էր համայնքի ղեկավարը, ինքը պետք է հրաժարական տա։ Մի քանի օր առաջ էլ նույն մաֆիան այլ բնակչի էր ծեծել»,- ասաց Մասիս Զեյնալյանը։ Զեյնալյանն ասաց, որ դեպքի առնչությամբ դիմել է Պաշտպանության նախարարություն եւ ԱԱԾ։
Մենք կապվեցինք համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը հրաժարվեց միջադեպը մեկնաբանել։ Մելիքսեթ Պողոսյանը մեր զանգերն անպատասխան թողեց։