Մեղադրողը միջնորդեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամ տուգանք կիրառել
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատախազ Արմեն Գևորգյանը հրապարակեց մեղադրական ճառը` դատարանին միջնորդելով Վազգեն Մանուկյանին մեղավոր ճանաչել վերագրվող արարքում և նրան դատապարտել 500 հզ դրամ տուգանքի:
Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
Ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ է Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր արել։ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նա իր հանդեպ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակել։