Վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել
ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
«Օրինակ՝ եթե հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, և քաղաքացին մասնակցում է վարժանքների ու ստանում 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն վճարի այդ 100 հազար դրամը: Պետական հատվածի աշխատողներին գործատուն կվճարի տարբերությունը, իսկ մասնավորի դեպքում կարող է վճարել առնվազն տարբերությունը: Իսկ 30 օրից հետոն կարգավորվում է գործատու-աշխատող համաձայնությամբ»,-ասել է փոխնախարարը:

