Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: