Լավրովը փետրվարի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային շաբաթն սկսում է Բաքու երկօրյա այցի հագեցած ծրագրով՝ նվիրված դաշնակցային փոխգործակցության երկկողմ հռչակագրի մեկամյակին, հռչակագիրն ստորագրվել է անցած տարվա փետրվարի 22-ին։ Սպասվում է, որ ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունի հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը, Լավրովը կհանդիպի նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նախարարը կքննարկի երկկողմ հարցերի ամբողջ համալիրը, տարածաշրջանային եւ միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն կհատկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը։ Այցի երկրորդ օրը Լավրովը հանդես կգա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
Աղբյուր՝ News.am