Արցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեցին նիստին մասնակցելուց. Տեսանյութ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստին այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմադիր երեք քաղաքական ուժերը հրաժարվեցին նիստին մասնակցելուց: Նիստի մեկնարկին Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց մասնակցությունը նիստին չեն ապահովելու:
Նշենք, որ 25 կողմ ձայների հարաբերակցությամբ նիստի օրակարգը հաստատվեց:
Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ: Ըստ հայտարարության՝ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, եւ այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: