ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա մայիսին Բելառուսում
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բելառուսում, հաղորդում է Բելթա գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Բելոկոնեւին:
Նա ընդգծել է, որ միջոցառումը թույլ կտա բարձրացնել միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, համակարգել դիրքորոշումը միջազգային ասպարեզում, քննարկել խնդրահարույց հարցերը, որոնք կարող են առաջանալ մինչ այդ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության իրավական ասպեկտները։
«Մենք մշտապես հավաքվում ենք, քննարկում տարբեր հարցեր, ստեղծվել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներ։ Կա ռազմական վեկտոր, որն անցնում է կազմակերպության միացյալ շտաբով, կա միջխորհրդարանական վեկտոր, որն անցնում է այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի գծով։ Եվ, իհարկե, առանցքային ասպեկտները միահյուսվում են՝ եւ՛ ռազմական, եւ՛ միջազգային, եւ՛ քաղաքական։ Ուստի այժմ առանցքային հարցերից մեկը տեղեկատվական անվտանգությունն է»,-նշել է Բելոկոնեւը։
Աղբյուր՝ News.am