ԵՄ խորհուրդը հաստատել է երկու տարով Հայաստան առաքելություն ուղարկելու որոշումը
Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, ասված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Նշվում է, որ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։
«Հայաստանում ԵՄ առաքելության ձևավորումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկն է։ Եվրամիությունը կշարունակի աջակցել լարվածության նվազեցման ջանքերին։ ԵՄ-ն պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ըստ հայտարարության՝ ԵՄ առաքելությունը նախնական լինելու է երկու տարի ժամկետով։