Ռուս ռազմական փորձագետը գնահատեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիսում ասաց, որ Երեւանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր մոտ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը։ Այս հայտարարությանը նախորդել էր աղմկահարույց որոշումը, որը Փաշինյանն ընդունել էր նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ կառավարության ղեկավարը չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը եւ Հայաստանին աջակցության նախագիծը։
Սրա հետ կապված՝ NEWS.am-ի թղթակիցը դիմեց ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովին՝ խնդրելով մեկնաբանել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։ «ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը գոյություն ունի ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ պարզապես այս կազմակերպության անդամների շահերից ելնելով։ Շատերը կարծում են, որ ՀԱՊԿ-ը ոչ մի հարց չի լուծում։ Այդպես չէ։ Նման կարծիքը քաղաքական կարճատեսություն է։
ՀԱՊԿ-ն իսկապես շատ հարցեր է լուծել եւ լուծում։ Հենց կազմակերպության անդամ երկրներն են դրանից ստանում քաղաքական ու ռազմաքաղաքական մեծ դիվիդենտներ ու բոնուսներ։ Ուստի կարծում եմ, որ ոչ ոք այս կազմակերպությունից դուրս չի գա»,- հավելեց փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Տաջիկստանը։