Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախում միջազգային խաղաղապահներ ուղարկելու առաջարկին
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե լինի հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլեւ Ադրբեջանը»։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը՝ մեր արժեքավոր գործընկերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և շարունակելու է իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»։
Zham.am