Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար. Մանուկյան. Տեսանյութ
Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան այն իրավիճակը, երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարություն ստեղծելու նախաձեռնությանը: «Այսինքն եթե ոստիկանապետը ենթարկվում է քաղաքականացված, կուսակցականացված նախարարին, շատ ավելի ուղղորդված ենթակայություն է լինում:
Մի բան է Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետին տրվող հրահանգը, որը շատ հաճախ օրենքի շրջանակում չէ, մեկ այլ բան է, որ արդեն օրենքով ամրագրված ՆԳ նախարարը հրաման է տալիս իր ենթակա ոստիկանապետին»,-ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության բարեփոխումները զուտ բառեր են, որի վկայությունն են պարեկային ոստիկանության հետ կապված սկանդալային գործողությունները, նրանց կողմից մարդկան ծեծելու դեպքերը. «Պարեկային ոստիկանության երկու տարի առաջ ձեռք բերված ավտոպարկի 22 տոկոսն այսօր խափանված կանգնած է»:

