Իրականանում են նոյեմբերի 9- փաստաթղթի կետերը․ Մովսես Հակոբյան
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Ես վատ եմ գնահատում իրավիճակը, բայց կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բացել ճանապարհը։ Հայկական կողմի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, մասամբ՝ նաեւ Արցախի իշխանությունների հետ։
Ըստ էության, տեղի է ունենում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց ամեն ինչ հնարավոր է փոխել։ Չեմ կարող ասել՝ ով կարող է բեկում մտցնել եւ ինչ ճանապարհով»,- նշեց նա։ Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի իշխանության կողմից ՄԱԿ-ին դիմելն Անվտանգության խորհրդի նիստի հրավիրելու համար որեւէ արդյունք չի տա։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։