Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և Անկախ Պետությունների Համագործակցության անդամների հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում, մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանմամբ և բոլոր ջանքերը գործադրում ենք դրա համար։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցությունը Հայաստանի զինված ուժերի ներուժի մեծացման գործում»,- ասել է Շոյգուն։
Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։
Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։
Աղբյուր. Tert.am