Խովաեւը Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման․ Զախարովա
Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւն այսօր Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոյեմբերի 14-ին Խովաեւը գտնվում էր Երեւանում, որտեղ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։ Այսօր նա Բաքվում է։ Այս շփումների թեման խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված հայտարարություններին, որոնք արվել են Երեւանում եւ Բաքվում, Զախարովան նշել է, որ այդ թեման շատ զգայուն եւ բարդ բնույթ է կրում։ «Նպատակահարմար չենք համարում մինչ կոնկրետ պայմանավորվածությունը կողմերի դիրքորոշումները քննարկելը»,-հավելել է Զախարովան։
Աղբյուր՝ News.am