Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը սադրանք է․ ՌԴ ՊՆ
Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել: Հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյևոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։
Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։ Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը»։