Հռոմի պապն ընդունել է Հայաստանի արտգործնախարարին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հռոմի պապին է փոխանցել հայ ժողովրդի եւ կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան անցկացվում է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի ժամանակ, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները՝ հիմնված դարավոր պատմական կապերի եւ համանման հոգևոր արժեքների վրա։
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հռոմի պապի բազմաթիվ ուղերձների եւ խաղաղության կոչերի համար։
Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար խնդիրների լուծման կարեւորությունը եւ այս առիթով Հռոմի Պապին փոխանցել Հայաստանի վարչապետի ուղերձը։