Թուրք պրոֆեսորը հայտարարել է՝ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումներին քիմիական զենք է օգտագործել
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ.
«Չինաստան
• Չինաստանը կարող է ուժ կիրառել Թայվանի հարցը լուծելու համար, բայց միայն՝ կղզու անկախության կողմնակիցների և արտաքին միջամտության դեմ, ասել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ներկայացուցիչը։
• Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն երրորդ ժամկետով վերընտրել է Սի Ցզինպինին գլխավոր քարտուղարի պաշտոնում։ ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է։
• Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 100-ամյակի կապակցությամբ կապահովվի դրա որակական աճը: Խոսքը ոչ միայն Չինաստանի զինված ուժերի ռազմական բաղադրիչի, այլև քաղաքական բաղադրիչի մասին է։
• ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ռազմական ուժ կիրառել Թայվանի դեմ մինչև 2024 թվականի վերջը։
• Չինաստանը Լեհաստանի պաշտպանության նախարարի օդանավին թույլ չի տվել իր օդային տարածքով անցնել Սեուլի ուղղությամբ, որտեղ պետք է անցկացվեին սպառազինությունների մատակարարման շուրջ բանակցությունները: Արդյունքում օդանավը շրջվել և վերադարձել է Լեհաստան։
• Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում կանխելու գործող և նախկին բրիտանացի ռազմական օդաչուներին հավաքագրելու Չինաստանի փորձերը։ Մեծ Բրիտանիայի մինչև 30 նախկին ռազմական օդաչուներ գտնվում են Չինաստանում՝ չինական ժողովրդական բանակի օդաչուներին վերապատրաստելու համար: Յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է մոտ 240,000 ֆունտ:
• Թայվանի զինված ուժերը նախազգուշացումներ կանեն նախքան ինքնաթիռներ խոցելը կամ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի նավերը ոչնչացնելը։ Հայտարարել է կղզու պաշտպանության նախարար Չիու Գոչենգը: Նա նաև հավելել է, որ Պեկինը վերադասավորումներ է կատարել ռազմական բարձրագույն ղեկավարության մեջ։ Ընդ որում, նոր կազմից երևում է, որ որ չինական բանակի ուշադրության կենտրոնում լինելու է Թայվանը։
• Չինական բանակի 72-րդ բրիգադի կազմում նոր ռազմական տեխնիկա է համալրվել՝ 2 հրամանատարական մեքենա Dongfeng CSK-181 զրահապատ մեքենայի հենքի վրա կառուցված, ինչպես նաև 6 միավոր տրանսպորտային միջոց։
• Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պայմանավորվել է պահպանել անվտանգության ոլորտում համագործակցությունն ու համակարգումը։
• Ճապոնիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 10-19-ն ընկած ժամանակահատվածում «Սրածայր թուր» անվանումով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որին երկու կողմից կմասնակցեն շուրջ 36 000 զինծառայողներ, 30 նավ և 370 Ինքնաթիռ։ Կանադան կուղարկի երկու, իսկ Ավստրալիան և Մեծ Բրիտանիան՝ մեկական նավ: Զորավարժությունները կանցկացվեն Ճապոնիայի հարավ-արևմտյան կղզիներում, այդ թվում Տոկունոսիմայում։
• Չինական պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է նոր հիմնական մարտական տանկը։ Չորրորդ սերնդի այդ մեքենան առաջիկայում պատրաստ կլինի շահագործման։ Հաղորդվում է, որ տանկը կղեկավարի երկու հոգանոց անձնակազմը, ինչը նշանակում է, որ լիովին ռոբոտացված է տանկի աշտարակը, ինչպես նաև զինամթերքի ավտոմատ լիցքավորման համակարգը։
Թուրքիա
• «Բացեիբաց ասում եմ՝ ես, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիային որևէ F-16-ի վաճառք չեմ հաստատելու, քանի դեռ Էրդողանը չի փոխել տարածաշրջանում իր ագրեսիվ կեցվածքը»,- հայտարարել է Ռոբերտ Մենենդեսը:
• Թուրքական կողմը մտահոգված է Հունաստանի և Գերմանիայի միջև ռազմական գործարքից, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Հունաստանին: Թուրքական կողմը մտահոգված է, որ ԱՄՆ-ից բացի այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ:
Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում: Սպառազինության ծրագիրը ներառում է՝ 205 միավոր նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մարտական մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում, «Leopard 1» տիպի 190 միավոր տանկի արդիականացում, 183 միավոր «Leopard 2» տիպի տանկի արդիականացում, 4 միավոր «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում։ Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։
• Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել։ «Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգը ուղիղ ախտահարող գազերից մեկն է օգտագործվել: Քիմիական զենքի տարբեր տեսակներ կան, և չնայած դրանց օգտագործումն արգելված է, միևնույնն է տեսնում ենք, որ բախումների ժամանակ օգտագործվում է»,- ասել է թուրք պրոֆեսորը՝ ավելացնելով, որ դրա համար Թուրքիայի վերաբերյալ հետաքննություն պետք է իրականացվի:
• Թուրքիայում մեկնարկել են «Ateş Serbest-2022» զորավարժությունները, որի ժամանակ կիրառվել են տեղական արտադրության Fırtına հաուբիցները, Kargu կամիկաձե անօդաչու թռչող սարքը, Cirit և L-UMTAS հրթիռները։ Թուրքիան փորձարկել է նաև ազգային զարգացման փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը։
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին այցելել է Ադրբեջան և Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել է Հայաստանի և Իրանի հետ սահմանին Կովսականում (Զանգելանում) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։
Իրան
• Սպիտակ տունը խոստովանել է իր ներգրավվածությունը Իրանում հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ Միացյալ Նահանգները մի շարք «ագրեսիվ քայլեր» են ձեռնարկում, որոնք ուղղված են Իրանում ցուցարարներին աջակցելուն։
• Ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնում է, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել Fateh-110 և Zolfaghar օպերատիվ-մարտավարական հրթիռներ։ Հետաքրքրական է, որ Իրանը միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի կողմ չէ, Իսկ Zolfaghar-ը 700 կմ-ով ավել է թռչում, քան «Իսկանդերը», որի հրթիռի հեռահարությունը 500 կմ է։
• «Reuters» գործակալությունն իր հերթին, գրել է, որ Իրանը համաձայնել է Ռուսաստանին հանձնել մարտավարական հրթիռներն ու ավելի շատ անօդաչու սարքեր։
• Հոկտեմբերի 17-ից Իրանում մեկնարկել է զինված ուժերի «Մեծ Իրան» լայնածավալ զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանը զորավարժություններ է սկսել նաև Թուրքիայի հետ սահմանին։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող զորավարժությունները ուղղված չեն Հարավային Կովկասի հարևան երկրների դեմ։
• «Jerusalem Post» պարբերականը գրել է, որ Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է արտահայտվել Կիևին զենք մատակարարելուն՝ Իրանի մոտ հայտնվելու մտահոգությունից ելնելով։
• Իրանի ՌԾՈւ-ն ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու անօդաչու սարք է գրավել Կարմիր ծովի ջրատարածքում։ ԱՄՆ 5-րդ նավատորմը հերքում է տեղեկությունը։
• «Reuters» գործակալությունը հայտնել է, որ Իրանը սպառնացել է Ֆրանսիային, Գերմանիային և Անգլիային պատասխան գործողություններով, որոնք ՄԱԿ-ին կոչ էին արել հետաքննել Ռուսաստանին անօդաչուների հնարավոր մատակարարումները։
• ԱՄՆ-ը հոկտեմբերի 17-ին նախազգուշացրել է, որ միջոցներ կձեռնարկի իրանական ԱԹՍ-ների ծրագրի հետ աշխատող ընկերությունների և երկրների դեմ, այն բանից հետո, երբ Ռուսաստանն այդ ներմուծումն օգտագործեց Կիևի թիրախներին հարվածելու համար: «Յուրաքանչյուր ոք, ով բիզնես է վարում Իրանի հետ, որը կարող է որևէ կապ ունենալ ԱԹՍ-ների կամ բալիստիկ հրթիռների մշակման կամ Իրանից Ռուսաստան զենքի հոսքի հետ, պետք է շատ զգույշ լինի և պատշաճ ջանասիրություն ցուցաբերի. ԱՄՆ-ն առանց վարանելու պատժամիջոցներ կկիրառի կամ միջոցներ կձեռնարկի հանցագործների դեմ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վեդանտ Պատելը:
• Ուկրաինան Իրանին պաշտոնապես մեղադրել Է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։
• «Գերան 2» ԱԹՍ-ների շուրջ ստեղծված աղմուկից հետո Իրանի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ վերջին 7 օրվա ընթացքում 22 երկրներ դիմել են Իրանին՝ ԱԹՍ գնելու խնդրանքով:
• Լիտվայի ԱԳ նախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար։
• Իրանի ԱԳ նախարարը Ժոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար Ռուսաստան իրանական հրթիռներ ուղարկելու մասին հայտարարությունն անհիմն է. «Մենք պաշտպանական համագործակցություն ենք վարում Ռուսաստանի հետ, բայց մեր քաղաքականությունն այն է, որ զենք ու անօդաչու թռչող սարքեր չուղարկենք Ուկրաինայի դեմ»։
Իրաք
• Իրաքի պաշտպանության նախարար Ջաբբար Թեջելն այցելել է Պակիստանի ռազմաօդային ուժերի կենտրոնակայան։ Նա հետաքրքրություն ցուցաբերել JF-17 կործանիչների ծրագրի նկատմամբ։
• Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հյուսիսային Իրաքում քրդական ռազմականացված կազմավորումների դեմ իրականացված «Ճիրան-ամրոց» գործողության ընթացքում առգրավված զենքի կադրերը:
• Իրաքում բացվել է նոր միջազգային օդանավակայան։
Սիրիա
• Արդեն մի քանի օր է՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Սիրիայի շրջաններում ռազմական բախումներ են տեղի ունենում սիրիական ընդդիմադիր խմբավորումների միջև։
• Թուրքիայի զինված ուժերն այսօր տեղափոխվել են Աֆրին քաղաքի կենտրոն։
• Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի շրջանում որոշ թիրախների։ Հարձակումը սկսվել է ցերեկը, ինչը չափազանց հազվադեպ իրադարձություն է։ Ըստ երևույթին, նպատակակետը ունեցել է բարձր առաջնահերթություն։
• Հոկտեմբերի 16-ի առավոտյան Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հայաթ Թախրիր աշ Շամ խմբավորման թուրք գրոհայինների օբյեկտներին։
• Անհայտ ծագման ԱԹՍ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրայի հարավ-արևելքում գտնվող Օմար նավթահանքի տեղանքին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան։
• Ուղիղ հրթիռային հարվածով Իսրայելը ռազմական լոգիստիկա և սարքավորումներ է ոչնչացրել, որոնք օգտագործվել են Դիմասի ռազմական օդանավակայանի շրջանում իրանական արտադրության անօդաչու սարքեր հավաքելու համար:
Իսրայել
• «The New York Times» պարբերականը գրել է, որ Իսրայելը Կիևին է փոխանցում իրանական անօդաչուների մասին տվյալները, որոնք հարվածների ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈւ-ն։ Իսրայելական մասնավոր ընկերությունը նաև արբանյակային լուսանկարներ է տրամադրել ուկրաինական ԶՈւ-ին ռուսական զորքերի դիրքերի վերաբերյալ:
• Լիբանանը Իսրայելի հետ ծովային սահմանը սահմանազատելու շուրջ բարդ բանակցությունների ֆոնին հայտարարել է իսրայելական ռազմանավերի կողմից երկրի տարածքային ջրերը խախտելու մասին։
• Ուկրաինայի ԱԳՆ-ն մտադիր է Իսրայելին պաշտոնական հարցում ուղարկել իրանական Shahed-136 («Գերան-2») ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար «Երկաթե գմբեթ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար:
• Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է. «Ես պաշտպանության նախարար եմ և պատասխանատու եմ իսրայելական զենքի արտահանման համար։ Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ մենք զենք չենք վաճառի Ուկրաինային»։
Աֆղանստան
• Թալիբները Քաբուլում ձերբակալել են աֆղանական բանակի 2 նախկին սպաների, ծնունդով Փանջշերից։
• Քաբուլում հարսանիքի ժամանակ ձերբակալել են Փանջշերցի հատուկ ստորաբաժանման ծառայակցի և գնդակահարել նրան։
• Թալիբները Թալուկան քաղաքում, Թահար, մզկիթից դուրս գալու ժամանակ գնդակահարել են Մոհիբին՝ հակաահաբեկչական միլիցիայի նախկին հրամանատարին։
• Պակիստանցի սահմանապահները «Սպին-Բուլդակ» անցակետում մի քանի անգամ կրակ են բացել սահմանը հատող աֆղանցիների ուղղությամբ։ Քանդահար նահանգի թալիբների ոստիկանապետը Մաուլավի Մահմուդը հաստատել է մեկ կնոջ վիրավորվելու մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մահացել է։
• Աֆղանստանի իշխանությունները ավելի քան 3 հազար անձնագիր են տրամադրել ահաբեկչական կազմակերպությունների անդամներին։ Նման գնահատական է տվել Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազոն Ռահիմզոդան Դուշանբեում ահաբեկչության դեմ պայքարում միջազգային և տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակի խորհրդաժողովում:
ՆԱՏՕ
• «Politico» պարբերականը գրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ՆԱՏՕ-ի հետ շուտափույթ ինտեգրման նպատակով ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վերականգնման ծրագիր են մշակում, որը տևողությունը 10 տարի կլինի։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական հակամարտության դեպքում իրենք պետք է հետևենք 5-րդ հոդվածին (հավաքական պաշտպանության մասին), ըստ որի պետք է պաշտպանենք մեր գործընկերներին։ Ուկրաինան դաշինքի անդամ չէ, ուստի իրենք կշարունակեն օգնել երկրին, բայց ոչ ավելին։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է անօդաչու թռչող սարքերին հակազդելու հարյուրավոր համալիրներ կտրամադրի ուկրաինական զինուժին:
• Հոկտեմբերի 17-30-ը ՆԱՏՕ-ի 14 երկրներից մինչև 60 Ինքնաթիռ կմասնակցի դաշինքի միջուկային զսպման ուժերի «Steadfast Noon» պլանային զորավարժություններին՝ առանց իրական զինամթերքի օգտագործման։ Չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչները, հետախուզական ինքնաթիռները, բենզալցակայանները, ինչպես նաև B-52H Stratofortress ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բելգիայի, Հյուսիսային ծովի և Մեծ Բրիտանիայի օդային տարածքով։
• Ուկրաինայում ռուսական բանակը փաստորեն ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողություններ վարելու փորձ է ստանում,- հայտարարել է Ուկրաինայի կառավարության փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական բանակը պատրաստված է ՆԱՏՕ-ի չափանիշներով և ստանում է ամենաժամանակակից ՆԱՏՕ-ի սպառազինությունը։
• Լիտվայից, Բելգիայից, Չեխիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Լյուքսեմբուրգից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից 3500 զինծառայողներ, ինչպես նաև 700 միավոր տեխնիկա կգործարկվեն Լիտվայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի այդ լայնածավալ զորավարժություններում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:
• Ֆրանսիան լրացուցիչ զրահատեխնիկա և անձնակազմ է տեղափոխել Ռումինիա՝ այդ երկրում ՆԱՏՕ-ի առաջնագծի մարտական խմբի ուժեղացման շրջանակներում։
• Զանգվածային բողոքի ցույցեր և բախումներ են տեղի ունեցել Ռումինիայում: Մարդիկ դեմ են ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխմանը իրենց երկիր։ Ցույցերը անցել են «Մենք ՆԱՏՕ-ի հենակետը չենք», «բավական է կերակրել Ուկրաինային», «ամոթ» կարգախոսների ներքո։ Հարկ է նշել, որ իշխանությունները տեղեկատվական դաշտում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը արագ սառեցրել են։
ՀԱՊԿ
• ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Աստանայում մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության VI գագաթնաժողովին։
• Ռուսական Սու-25 գրոհայիններն աջակցություն կցուցաբերեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերին Տաջիկստանի հարավում «Ռուբեժ-2022» զորավարժության ժամանակ։ Զորավարժության ակտիվ փուլի ընթացքում ինքնաթիռների անձնակազմերը կմշակեն պայմանական հակառակորդի օբյեկտների որոնումն ու ոչնչացումը «Հարբմայդոն» զորավարժարանում «հակառակորդի» դիրքերին ավիահարվածներ հասցնելու միջոցով:
• Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Նշված ժամկետներում տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման համակարգող խորհրդի նիստը:
• Տաջիկստանում իրականացվում է «Ռուբեժ-2022» Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի հետ համատեղ վարժանքի ակտիվ փուլը։