Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհրդի հաստատած օրակարգից կարելի է ենթադրել, որ այն հաշված ժամեր է տեւելու։ Օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, եւս 18 հարց էլ երկրորդ ընթերցման է ներկայացված: Առաջին ընթերցումն էլ երկար պրոցես չէ, բայց երկրորդը, որպես կանոն, մեկ-երկու րոպե է տեւում։
Ի դեպ, օրակարգ բերված ինը նախագծերից ութի հեղինակը կառավարությունն է, ընդամենը մեկ՝ հույժ կարեւոր նախագիծ է ներկայացված ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ․ ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությամբ՝ իշխող ուժի պատգամավորներն առաջարկում են, որ պատգամավորները երդման տեքստի տակ դնեն նաեւ սեփական ստորագրությունը։
Ուշագրավ է, որ նման ցածր արդյունավետությամբ աշխատող խորհրդարանում շարունակում են պարգեւավճարներ բաժանել, անցած շաբաթ եւս ՔՊ-ականները պարգեւավճար են ստացել՝ հավանաբար, կառավարության բերած նախագծերը հնազանդորեն դակելու համար։ Իսկ հաջորդ շաբաթվանից կսկսվեն 2023 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, Փաշինյանը նույնպես կգնա խորհրդարան՝ բացումն անելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում