Նարիշկինը համաշխարհային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որ Ուկրաինան միջուկային կարգավիճակ ունենա
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգություն է հայտնել «միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին արեւմտյան հռետորաբանության» առիթով։ Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա, որ Ուկրաինան միջուկային զենք ունենա։
Նարիշկինը հավաստիացրել է, որ «Կիեւի վարչակարգի միջուկային զենք ունենալու ձգտումը մարդկությունը տեսել է... այն օրվանից սկսած, երբ նախագահ Զելենսկին ելույթով հանդես եկավ Մյունխենի անվտանգության համաժողովում»։ «Եվ այդ ժամանակ արդեն հասկանալի էին միջուկային զնեք ունենալու նրա հավակնությունները։ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Կիեւը միջուկային զենք ունենա»,- համոզված է Նարիշկինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները միջուկային զենքի կիրառումը չեն քննարկում։ «Մեզ, իհարկե, շատ է անհանգստացնում արեւմտյան հռետորաբանությունը միջուկային զենքի կիրառման մասին։ Դա պարզապես անթույլատրելի է»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։
Աղբյուր՝ News.am