Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը հոկտեմբերի 16-19-ը կայցելի Վրաստան և Հայաստան, հայտնում է Նորվեգիայի կառավարության կայքը։
Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հաղորդագրությունում ասվում է, որ Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան է այցելում «երկրի համար ծանր պահին»։
«Տարածաշրջանում լարվածությունը մակարդակը բարձր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, այնպես էլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Իր բանակցություններում Հյուիտֆելդը կուսումնասիրի ուղիներ, որոնցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- հաղորդում է նորվեգական կողմը։
Նորվեգիայի արտգործնախարարը Հայաստանում հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։