Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ի դեմ
ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Փափազյանը դատարան է դիմել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից իր տվյալները հեռացնել պարտավորեցնելու պահանջով։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։ Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:
Zham.am