Ղազախստանի ՊՆ-ում ասել են, որ ՀԱՊԿ-ում ճգնաժամի համար պատճառ չեն տեսնում
Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովն ասել է, որ պատճառ չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ճգնաժամի համար։
«Ոչ մի ճգնաժամ չկա»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Ժակսիլիկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պաշտպանության նախարարը նշել է, որ Ղազախստանն իր կողմից կատարում է կառույցի շրջանակում հանձն առած պարտավորությունները։ «Մեր պետության՝ Ղազախստանի Հանրապետության մասնակցության մասով մեզ մոտ ամեն բան կայուն է։ Ղազախստանը կատարում է իր պարտավորությունները, աշխատանքի պլանները, որոնք մենք նախապես հաստատել ենք»,- պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ խոսել «ինչ-որ խուճապի կամ էլ ինչ-որ խնդիրների մասին՝ իմաստ չունի»։
Հարցին՝ արդյո՞ք նպատակահարմար է ՀԱՊԿ-ը, նախարարը հաստատական պատասխան է տվել։ «Միշտ կա նպատակահարմարություն. քաղաքական կամ տնտեսական, ուստի, եկեք առաջնորդվենք սրանով։ Ենթադրություններով զբաղվելու կարիք չկա»,- ընդգծել է Ժակսիլիկովը։
Աղբյուր՝ News.am