Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հոկտեմբերին կանցկացնեն «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները
Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ, գրում է interfax.az-ը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համատեղ վարժանքների, համաժողովների և զորավարժությունների անցկացման կարևորությունը։ Քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «Հավերժություն-2023» և «Կովկասյան արծիվ-2023» համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքների կազմակերպումը»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցեր, երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։