Զասը գալիս է Հայաստան
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը որոշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Ինչպես նշվում է ՀԱՊԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ՝ առաքելության կազմում կընդգրկվեն կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և մասնակից պետությունների ներկայացուցիչները։
Խորհուրդը նաև լիովին աջակցել է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը։
Որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։ Խմբում կընդգրկվեն քարտուղարության աշխատակիցներն ու միացյալ շտաբի զինծառայողները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։