Ո՞րն է Ջալալ Հարությունյանի մեղքը. ՊԲ երկրորդ նախկին հրամանատարին է մեղադրանք առաջադրվել. Տեսանյութ
Արցախի անկախության օրը Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հարությունյանի՝ ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով՝ յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, մեր կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Ի դեպ, այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, պաշտպանության նախարարության կայքից անհետացան լուսանկարները, որտեղ երևում էր, որ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր միջոցառման է մասնակցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

