Շառլ Միշելը, բրյուսելյան հանդիպումից առաջ, այսօր կզանգահարի Փաշինյանին և Ալիևին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ նախատեսում է զանգահարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ «Նախապատրաստական զանգեր այսօր՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումից առաջ», - գրել է Միշելը: Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը:
«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը»,- Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Իր հերթին, Երևանը նախընտրել է ձեռնպահ մնալ Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հայտարարություններից։
«Արդյունքներից հետո կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների վերաբերյալ»,- տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: