Մարդ կա՝ 100 միլիոնից ավելի ապրանքը մոխրացել է․Կառավարությունը, կոպիտ ասած, իր վրայից գցում է պատասխանատվությունը․ Սուրմալուի տուժած տնտեսվարողներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և դրա հետևանքով տուժած տնտեսվարողների կրած վնասներին, ասաց, որ Կառավարությունը տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրամադրելու։
Քերոբյանը պարզավանեց, որ նման որոշման են հանգել, քանի որ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:
«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասել էր նախարարը:
168.am-ն այսօր եղել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում, տեղի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին տարածքում նկարահանում իրականացնել, ուստի առանց տեսախցիկի զրուցեցինք տուժած տնտեսվարողների հետ։

