«Եթե հարգալից արտահայտվեմ, դա ամենաքիչը մարտահրավեր է»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ լուսանկարում Էրդողանի ներկայության մասին
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը մարտահրավեր է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ներկայությունը Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ լուսանկարում, որն արվել է հուլիսի 20-ին Թեհրանում կայացած հանդիպումից հետո։ Այսպիսի հայտարարությամբ Բերբոքը հանդես է եկել Bild ամսագրին տված հարցազրույցում։
Խնդրանքին՝ մեկնաբանել լուսանկարը, որում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ է նաև Թուրքիայի նախագահը, Գերմանիայի արտգործնախարարն արձագանքել է․
«Այն, որ այդ լուսանկարում Թուրքիայի նախագահն է, ամենաքիչը մարտահրավեր է, եթե հարգալից արտահայտվեմ»,-ասել է նա։
Բերբոքը, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
«Այդ պատճառով ինձ համար այդ լուսանկարն անհասկանալի է՝ հենց ՆԱՏՕ-ի անդամ լինելու տեսանկյունից»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Աղբյուրը՝ aysor.am