Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Արդեմ Փաթափությանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Արդեմ Փաթափությանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով, որ այստեղ նա տեսավ նաև իր ընտանիքի պատմությունը, որը Ցեղասպանության տարիներին ևս ենթարկվել էր բռնագաղթի: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը հայազգի գիտնականին նվիրեց վերջերս լույս տեսած «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը:
Այցի ավարտին Արդեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի: