Փաստորեն, ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ ՝ Նիկոլի գրպանի դիվանագետը․ Գաբրելյանով
Երկամյա խցանումներից և 30-40 օրվա հերթերից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես որոշեցին լուծել Ռազմա-վիրական ճանապարհի խնդիրը։ Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Վլադիկավկազ՝ հանդիպելու իր ռուս գործընկերոջ և Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Բայց պարզվեց, որ հայկական պատվիրակության կազմում չկա Ռուսաստանում Հայաստանի դեսպան (Վաղարշակ) Հարությունյանը։ Իմ տեղեկություններով՝ նա կտրականապես հրաժարվել է այնտեղ գալ՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանի հարավում վարչապետ Փաշինյանի դեմ ռուսաստանցի հայերի բողոքի ակցիաները շատ ուժեղ են։
Փաստորեն, դեսպանը վախեցել է Հայաստանի համար կարևոր խնդիրը` հայկական բեռնափոխադրումների անարգել անցումն ապահովելը և արտահանողների խնդիրը լուծել։ Հարությունյանը դա կապել է Փաշինյանի նկատմամբ ցուցադրական հավատարմության հետ։ Փաստորեն, սա ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ Նիկոլի գրպանի դիվանագետը»,- գրում է նա: