ՀՀ դատարանը ճանաչեց Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատավճիռը
ՌԴ-ից մոտ մեկ ամիս առաջ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը դատարանում է: 4 տարի Ռուսաստանի Դաշնությունում իր պատիժը կրելուց հետո նրան արտահանձնել են: Նա ՌԴ-ում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն հրաժարվել է վիրահատության ենթարկվել: Իսկ Հայաստանում արդեն վիճակը լավ է:
Այսօր դատարանում քննվում էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը Հրաչյա Հարությունյանի մասով ճանաչելու վերաբերյալ:
Հրաչյա Հարությունյանն առանց պաշտպանի էր մասնակցում նիստին։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մոտ 1 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց բավարարել միջնորդությունը եւ ճանաչել դատավճիռը՝ ազատազրկումը 6 տարի 9 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Zham.am

