Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը կքննվի դռնբաց
Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու և պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն այսուհետ կշարունակվի դռնբաց նիստում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, բավարարել է բողոքաբեր Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին դատարանը որոշում էր կայացրել մայիսի 25-ին, երբ դատական նիստում իրավիճակը կրկին լարվել էր։
Դատարանի՝ այս որոշումից հետո զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ պարզաբանումներ պահանջելու, իսկ նախորդ դատական նիստի ընթացքում հավաքվել էին Վերաքննիչ քրեական դատարանի բակում՝ պահանջելով հրապարակային քննություն։ Միևնույն ժամանակ, Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ պահանջելով վերանայել գործը դռնփակ քննելու որոշումը , որի քննությունը շարունակվել է այսօր, դատարանը բավարարել է այն։
Դատական նիստը հետաձգվել է՝ մինչև հունիսի 3-ը, ժամը՝ 17.00-ն։