Ռուսական ուժերը մտել են Սևեռոդոնեցկ
Ռուսական ուժերը մտել են Սևեռոդոնեցկ, որի համար օրեր շարունակ համառ մարտեր էին ընթանում։ Ըստ Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայի՝ ռուսական ուժերը շարժվում են դեպի Սևեռոդոնեցկի խորքերը, ծանր մարտեր են ընթանում քաղաքի փողոցներում, կարևոր ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ևս իր առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն Սևեռոդոնեցկի հյուսիսարևելյան և հարավարևելյան մատույցներում են։ Ուկրաինական կողմը նաև այլ մանրամասներ է հաղորդել։
«Դոնեցկի ուղղությամբ ռուս հակառակորդի ստորաբաժանումները կենտրոնացած են Լիսիչանսկի և Սևեռոդոնեցկի շրջաններում մեր զորքերին շրջապատելու և հիմնական լոգիստիկ ուղիները շրջափակելու վրա։ Լիմանի ուղղությամբ ռուսական ուժերն ամրանում են և վերախմբավորվում՝ Սլովյանսկի վրա հետագա հարձակման համար», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։
Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկով քաղաքին և Խարկովի մարզի մի շարք բնակավայրերի։
Zham.am