ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երևանի փողոցներով:
Անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ երթը հասավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ն չի առաջնորդվում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պետք է շրջափակել շենքի մուտքերը, որից հետո երթի մասնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, մոտեցան ԱԳՆ-ի շենքի մուտքին և սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ դավաճան»: Նա հրահանգեց որևէ այլ գործողություն չանել, միայն արգելափակել մուտքերը:
Իշխան Սաղաթելյանը Արտգործնախարարությունում աշխատող բազմաթիվ պատրաստված դիվանագետներին կոչ արեց անջատվել Նիկոլից, չկրել այն դավաճանության պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է:
Իրականում, Բրյուսելյան հանդիպման արդյունքներն անգամ ԱԳՆ շատ աշխատակիցների համար են շոկային եղել, որովհետև չեն պատկերացրել նշաձողի՝ այդ աստիճանի իջեցում: 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում ԱԳՆ-ում: Այս պահին հայտնի չէ՝ դրանք ինչ տեսքով կլինեն, բայց այն, որ ոչ ոք չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել և Փաշինյանի պայմանավորվածությունների իրականացման հարցում դերակատարություն ունենալ, փաստ է:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմության գործողությունները նախարարության ներսում հակաիշխանական տրամադրություններն ավելի են սրել, և դիվանագետները իշխանության դեմ դուրս գալու քաջություն են ձեռք բերել: Այնպես որ, առաջիկա օրերին կերևա, թե դիվանագիտական կորպուսում ինչ զարգացումներ կլինեն: