Կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, բողոքի անհնազանդության գործողություններին:
Պետքարտուղարության խոսնակը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Հայաստանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բողոքի ակցիաներին, նախ ասել է, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման երկկողմ հանձնառությունը ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։
Նա ընդգծել է. «Մենք հավատում ենք, որ խաղաղ բողոքի գործողությունները բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում: Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, և կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»,- նշել է Նեդ Փրայսը: